Ֆիդելիս իրավաբանական գրասենյակ

Վերականգնվեց վստահորդի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը

Վստահորդը դիմել էր Ֆիդելիս իրավաբանական ընկերությանը՝ իր օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքի պաշտպանության նպատակով։ Մասնավորապես միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել էր վստահորդի աշխատանքային գրքույկում արտացոլված երկարամյա աշխատանքային ժամանակահատվածները հաշվարկել նրա աշխատանքային ստաժում, ինչի արդյունքում հայցվորը կենսաթոշակ չէր ստանում

Վստահորդը գտնում էր, որ վարչական մարմնի որոշումը հիմնավորված չէ, քանի որ իր աշխատանքային գործունեությունը հաստատվում էր աշխատանքային գրքույկում կատարված համապատասխան գրառումներով։ Այդ ժամանակահատվածները չհաշվարկելը անմիջականորեն սահմանափակում էր նրա սոցիալական ապահովության և կենսաթոշակ ստանալու իրավունքը՝ առաջացնելով ինչպես իրավական, այնպես էլ ֆինանսական բացասական հետևանքներ։

Գործը ստանձնելուց հետո մեր իրավաբանները մանրամասն ուսումնասիրեցին վստահորդի կենսաթոշակային գործը, աշխատանքային գրքույկը, աշխատանքի ժամանակահատվածները հաստատող փաստաթղթերը, վարչական մարմնի ընդունած որոշումը և դրա հիմքում դրված պատճառաբանությունները։ Միաժամանակ վերլուծվեցին պետական կենսաթոշակների, աշխատանքային ստաժի հաշվարկման և վարչական վարույթի իրականացման վերաբերյալ իրավական կարգավորումները, ինչպես նաև ձևավորված դատական պրակտիկան։

Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ վարչական մարմինը պատշաճ գնահատական չէր տվել վստահորդի ներկայացրած փաստաթղթերին և բավարար չափով չէր հիմնավորել աշխատանքային գրքույկում նշված ժամանակահատվածները ստաժում չհաշվարկելու պատճառները։ Մարմինը չէր ապահովել նաև գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրությունը՝ սահմանափակվելով ներկայացված փաստաթղթերի ձևական գնահատմամբ։

Մեր թիմը մշակեց վստահորդի կենսաթոշակային իրավունքի պաշտպանությանն ուղղված դատավարական ռազմավարություն։ Դատարան ներկայացված հայցով պահանջվեց անվավեր ճանաչել Միասնական սոցիալական ծառայության ընդունած վարչական ակտը և պարտավորեցնել վարչական մարմնին ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ աշխատանքային գրքույկում արտացոլված համապատասխան ժամանակահատվածները հաշվարկել վստահորդի աշխատանքային ստաժում և նշանակել տարիքային աշխատանքային կենսաթոշակ։

Հայցադիմումում մանրամասն ներկայացվեցին վիճարկվող վարչական ակտի փաստական և իրավական թերությունները։ Մասնավորապես, ընդգծվեց, որ անձի կենսաթոշակային իրավունքի վերաբերյալ որոշում կայացնելիս վարչական մարմինը պարտավոր է գնահատել ներկայացված բոլոր ապացույցները, անհրաժեշտության դեպքում ինքնուրույն ձեռք բերել լրացուցիչ տեղեկություններ և պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները։

Դատական քննության ընթացքում մեր իրավաբանները հիմնավորեցին, որ աշխատանքային գրքույկում առկա գրառումները հաստատում են վստահորդի աշխատանքային գործունեությունը, իսկ վարչական մարմինը չի ներկայացրել բավարար ապացույցներ դրանք արժանահավատ չհամարելու համար։ Միաժամանակ շեշտադրվեց, որ փաստաթղթերի վերաբերյալ չփարատված կասկածները կամ անհրաժեշտ տեղեկությունների բացակայությունը չեն կարող ինքնաբերաբար մեկնաբանվել անձի դեմ՝ առանց դրանց իսկությունը և գործի մյուս հանգամանքները պատշաճ կերպով ստուգելու։

Դատարանի ուշադրությունը հրավիրվեց նաև այն հանգամանքին, որ աշխատանքային ստաժի սխալ հաշվարկը կամ դրա առանձին ժամանակահատվածների չհաշվառումն անձին կարող է զրկել օրենքով երաշխավորված կենսաթոշակից։ Հետևաբար նման որոշումները պետք է ընդունվեն պատշաճ վարչարարության սկզբունքների պահպանմամբ և ներկայացված բոլոր փաստաթղթերի համակողմանի գնահատման հիման վրա։

Դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերը և գնահատելով կողմերի ներկայացրած դիրքորոշումները, ընդունեց մեր իրավաբանների ներկայացրած փաստարկները։ Արդյունքում վիճարկվող վարչական ակտը ճանաչվեց անվավեր, իսկ վարչական մարմինը պարտավորվեց վստահորդի աշխատանքային գրքույկում նշված համապատասխան ժամանակահատվածները հաշվարկել նրա աշխատանքային ստաժում և նշանակել տարիքային աշխատանքային կենսաթոշակ։

Այսպիսով, մեր թիմի իրականացրած իրավական վերլուծության, պատշաճ ձևավորված հայցապահանջների և դատարանում հետևողական ներկայացուցչության շնորհիվ վերականգնվեց վստահորդի խախտված կենսաթոշակային իրավունքը և ապահովվեց նրա աշխատանքային տարիների պատշաճ հաշվառումը։

Այս գործը ցույց է տալիս, որ վարչական մարմնի մերժումը վերջնական չէ և կարող է վիճարկվել դատական կարգով։ Աշխատանքային ստաժի հաշվարկման և կենսաթոշակի նշանակման վերաբերյալ վեճերում առանձնահատուկ նշանակություն ունեն աշխատանքային գրքույկի, արխիվային փաստաթղթերի և աշխատանքային գործունեությունը հաստատող այլ ապացույցների ամբողջական ուսումնասիրությունն ու ճիշտ իրավական գնահատումը։

Եթե վարչական մարմինը չի հաշվարկել ձեր աշխատանքային ստաժի առանձին ժամանակահատվածները, մերժել է կենսաթոշակ նշանակել կամ սխալ է հաշվարկել դրա չափը, մեր իրավաբանները պատրաստ են ուսումնասիրել ձեր գործը, գնահատել ընդունված որոշման իրավաչափությունը, մշակել պաշտպանության արդյունավետ ռազմավարություն և ներկայացնել ձեր շահերը վարչական մարմիններում ու դատարանում։

Մերժվեց մեր վստահորդի դեմ ներկայացված՝ գրավադրված գույքի արտադատական բռնագանձման անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը

Բավարարվեց 187,6 միլիոն դրամի բռնագանձման պահանջը

Մեր վստահորդի դեմ ներկայացված զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ներկայացված հայցը մերժվեց

Մեր վստահորդի դեմ ներկայացված գումարի բռնագանձման պահանջը մերժվեց