Վստահորդը դիմել էր մեր իրավաբանական գրասենյակին՝ վարչական մարմնի կողմից կիրառված վարչական տույժը վիճարկելու նպատակով, քանի որ գտնում էր, որ իր նկատմամբ կիրառված վարչական պատասխանատվությունն իրավաչափ չէր։
Նման դեպքերում առանցքային նշանակություն ունի քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև այն վարչական ակտերի դատական վիճարկումը, որոնց ընդունմամբ խախտվել են կամ կարող են խախտվել անձի իրավունքներն ու օրինական շահերը։
Գործը ստանձնելուց հետո մեր իրավաբաններն իրականացրին գործի ամբողջական իրավական վերլուծություն՝ ուսումնասիրելով վարչական ակտը, դրա ընդունման փաստական և իրավական հիմքերը, կիրառված նորմերն ու պահպանված ընթացակարգերը։ Վերլուծության արդյունքում մշակվեց հստակ դատավարական ռազմավարություն՝ ուղղված վարչական ակտն անվավեր ճանաչելուն։ Դատարան ներկայացված հայցով պահանջվեց անվավեր ճանաչել վիճարկվող որոշումը և վերականգնել վստահորդի խախտված իրավունքները։ Այս փուլում առանցքային նշանակություն ունեցան վարչական դատավարության նորմերի ճիշտ կիրառումը և գործի համար վերաբերելի ապացույցների հավաքագրումն ու ներկայացումը։

Դատական քննության ընթացքում մեր իրավաբանները հիմնավորեցին, որ վիճարկվող որոշումը չի համապատասխանել օրենքով վարչական ակտին ներկայացվող պահանջներին և ընդունվել է ընթացակարգային խախտումներով։ Ներկայացված փաստարկներն ու ապացույցները ցույց տվեցին, որ վարչական մարմինը պատշաճ կերպով չի պահպանել որոշման ընդունման համար պարտադիր ընթացակարգերը, ինչի հետևանքով սահմանափակվել են վստահորդի իրավունքները։ Վարչական դատարանը, համակողմանիորեն գնահատելով գործի հանգամանքներն ու ապացույցները, բավարարեց հայցը և անվավեր ճանաչեց վարչական տույժ նշանակելու մասին որոշումը։
Հակառակ կողմը փորձել է բողոքարկել դատական ակտը՝ ներկայացնելով վերաքննիչ բողոք, սակայն մեր կողմից իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը՝ վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։Այնուհետև վարչական մարմինը ներկայացրեց նաև վճռաբեկ բողոք, սակայն այն չէր համապատասխանում օրենքով սահմանված ձևական և դատավարական պահանջներին։ Մասնավորապես, բողոքում սխալ էին նշված դատական ակտի տվյալները, ինչպես նաև կցված չէին անհրաժեշտ ապացույցները, ինչի արդյունքում Վճռաբեկ դատարանը վերադարձրեց բողոքը։
Արդյունքում վստահորդի օգտին կայացված դատական ակտը մնաց անփոփոխ և մտավ օրինական ուժի մեջ, իսկ վարչական տույժ նշանակելու մասին որոշման իրավական հետևանքները վերացվեցին։ Այսպիսով, վերականգնվեցին վստահորդի խախտված իրավունքները և կանխվեցին վարչական պատասխանատվության ոչ իրավաչափ կիրառման բացասական հետևանքները։ Գործը հաջողված օրինակ է այն բանի, որ պետական մարմնի որոշումը հնարավոր է արդյունավետորեն վիճարկել՝ պատշաճ փաստական և իրավական հիմնավորումներ ներկայացնելու միջոցով։
Նման գործերում վարչական իրավունքի նորմերի ճիշտ կիրառումը, արդյունավետ դատական պաշտպանությունը, ինչպես նաև մասնագիտական իրավաբանական ծառայությունները առանցքային նշանակություն ունեն անձի խախտված իրավունքների վերականգնման համար։
Մեր փորձը ցույց է տալիս, որ ճիշտ ընտրված ռազմավարությունը, խորքային իրավական վերլուծությունը և հետևողական աշխատանքը դատական պաշտպանության բոլոր փուլերում կարող են վճռորոշ նշանակություն ունենալ նաև պետական մարմինների հետ վեճերում։ Մենք մատուցում ենք համալիր իրավաբանական ծառայություններ Հայաստանում՝ աջակցելով վստահորդներին վարչական ակտերի վիճարկման և իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության գործընթացում։