
Վստահորդը դիմել էր մեզ՝ Ֆիդելիս իրավաբանական ընկերությանը, վարչական վարույթի ընթացքում իր նկատմամբ կիրառված տուգանքը վիճարկելու նպատակով։ Վարչական մարմինը պնդել էր, որ մեր վստահորդը խոչընդոտել է հարկային հսկողության գործընթացին և չի կատարել իրենց օրինական պահանջները։ Մինչդեռ մեր վստահորդը նշում էր, որ վարչական վարույթի ընթացքում վարչական մարմնի կողմից չեն ապահովվել օրենքով նախատեսված դիրքորոշումներ և բացատրություններ տալու իր իրավունքները։ Արդյունքում վարչական ակտն ընդունվել էր վարչական վարույթի ընթացակարգային պահանջների խախտմամբ, ինչը հիմնավոր կասկածներ էր առաջացնում դրա իրավաչափության վերաբերյալ։
Գործը ստանձնելուց մեր իրավաբանները մանրամասն ուսումնասիրեցին և վերլուծեցին վարչական վարույթի նյութերը՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, վարչական ակտը, գործում առկա այլ փաստաթղթեր։ Համադրելով վարչական վարույթի նյութերը գործող իրավակարգավորումների և ձևավորված դատական պրակտիկայի հետ՝ մեր առաջնային նպատակն էր պարզել՝ արդյոք վարչական մարմինը պահպանել է օրենքով սահմանված պարտադիր ընթացակարգերը, ապահովել է անձի լսված լինելու և այլ իրավունքները, ինչպես նաև՝ արդյոք վարչական ակտն ընդունվել է ապացույցների լրիվ ու բազմակողմանի գնահատման հիման վրա, և արդյոք այդ ապացույցները բավարար են վարչական ակտի ընդունման համար։
Վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում մեր թիմը բացահայտեց վարչական մարմնի թույլ տված բազմաթիվ խախտումներ՝ կապված վարչական վարույթի իրականացման՝ օրենքով սահմանված պարտադիր պահանջների չպահպանման հետ։ Մասնավորապես, անձին հնարավորություն չէր ընձեռվել ծանոթանալու իրեն վերագրվող խախտման էությանը, ներկայացնելու իր առարկություններն ու բացատրությունները, ինչպես նաև ապահովված չէր նրա մասնակցությունը վարչական վարույթին։ Այս խախտումները վկայում էին վարչական մարմնի կողմից պատշաճ վարչարարություն չիրականացնելու և կիրառված վարչական պատասխանատվության ոչ իրավաչափ լինելու մասին։

Մեր իրավաբանները, վարչական դատարան ներկայացված հայցադիմումում անդրադառնալով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության ապացուցողական նշանակությանը, ընդգծել էին, որ այն ինքնին չի կարող բավարար հիմք հանդիսանալ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, եթե կազմվել է միակողմանի՝ առանց անձի մասնակցության և առանց նրան օրենքով նախատեսված իրավունքներն իրացնելու հնարավորություն ընձեռելու։ Մասնավորապես, անձը պետք է հնարավորություն ունենար ծանոթանալու իրեն վերագրվող խախտմանը, ներկայացնելու իր բացատրություններն ու առարկությունները և հակադարձելու իր դեմ ներկայացված փաստական տվյալներին։
Միաժամանակ, հայցադիմումում շեշտադրվել էր, որ վարչական մարմինը պարտավոր էր ապահովել գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրությունը՝ ստուգելով արձանագրությունում ամրագրված տվյալների հիմնավորվածությունը և գնահատելով ինչպես անձի պատասխանատվությունը հիմնավորող, այնպես էլ այն բացառող հանգամանքները։ Հետևաբար միայն իր կազմած արձանագրության վրա հիմնվելը՝ առանց դրանում նշված հանգամանքների պատշաճ ստուգման և անձի դիրքորոշումը ներկայացնելու հնարավորության ապահովման, չէր կարող բավարար համարվել վարչական իրավախախտման կատարումը հաստատելու և անձին պատասխանատվության ենթարկելու համար։
Դատական նիստերի ընթացքում հիմնավորեցինք հայցադիմումում ներկայացված փաստարկները՝ ցույց տալով բացահայտված խախտումների ազդեցությունը վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վրա։
Դատարանն արձանագրեց, որ վարչական մարմինը չի պահպանել վարույթի իրականացման՝ օրենքով սահմանված պահանջները և չի ապահովել գործի հանգամանքների լիարժեք ու օբյեկտիվ ուսումնասիրությունը։ Միաժամանակ, դատարանը կարևորեց անձի բացատրություններն ու դիրքորոշումը լսելու և գնահատելու անհրաժեշտությունը՝ գտնելով, որ տվյալ դեպքում միայն վարչական մարմնի կազմած արձանագրությունը բավարար չէր անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Արդյունքում վիճարկվող վարչական ակտը ճանաչվեց անվավեր՝ ապահովելով վստահորդի խախտված իրավունքների դատական պաշտպանությունը։
Այս գործը ցույց է տալիս, որ վարչական վարույթի ընթացակարգային պահանջները կարևոր երաշխիքներ են անձի իրավունքների պաշտպանության և հիմնավորված որոշում ընդունելու համար։ Դրանց խախտումը կարող է անձին զրկել իր պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու հնարավորությունից և ազդել վարչական ակտի իրավաչափության վրա։ Ուստի վարչական պատասխանատվության հիմնավորվածությունը գնահատելիս անհրաժեշտ է ուսումնասիրել ինչպես վերագրվող իրավախախտումը հաստատող ապացույցները, այնպես էլ այն ընթացակարգը, որով անձը ենթարկվել է պատասխանատվության։