
Վստահորդը դիմել էր մեր իրավաբանական ընկերությանը, ում նկատմամբ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կայացրել էր վարչական տույժ նշանակելու որոշում։ Վստահորդը տուգանվել էր, քանի որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով տեղափոխել էր թույլատրելի բեռնվածքը գերազանցող բեռ։ Վարչական մարմինը պնդում էր, որ կշռման արդյունքում արձանագրվել է կիսակցորդի սռնու վրա թույլատրելի բեռնվածքի գերազանցում, ինչի հիման վրա կազմել էր վարչական իրավախախտման արձանագրություն և կայացրել էր միջամտող վարչական ակտ։

Վստահորդը գտնում էր, որ իր նկատմամբ կիրառված վարչական պատասխանատվությունն իրավաչափ չէ, իսկ վարչական վարույթի ընթացքում խախտվել են իր իրավունքները։ Նրա խոսքով՝ տեղափոխվող բեռը եղել է չմասնատվող, իսկ կշռման գործընթացի և վարչական վարույթի ընթացքում առկա էին մի շարք հանգամանքներ, որոնք պատշաճ կերպով չէին ուսումնասիրվել վարչական մարմնի կողմից։ Բացի այդ, վստահորդը փաստում էր, որ վարչական մարմինը չի ապահովել իր մասնակցությունը վարչական վարույթին, չի լսել իր դիրքորոշումներն ու բացատրությունները։
Գործը ստանձնելուց հետո Ֆիդելիսի իրավաբանական թիմն իրականացրեց փաստաթղթերի ամբողջական ուսումնասիրություն։ Մանրամասն վերլուծվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, կշռման տվյալները, վարչական վարույթի նյութերը, տեսչական մարմնի որոշումը, ինչպես նաև կիրառելի օրենսդրությունը և դատական պրակտիկան։Մեր նպատակն էր պարզել արդյոք վարչական մարմինը գործել է պատշաճ վարչարարության սկզբունքներին և օրենքով սահմանված ընթացակարգային պահանջներին համապատասխան, ապահովել է վստահորդի լսված լինելու և իր դիրքորոշումը ներկայացնելու իրավունքները, պարզել է գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները և, ի վերջո, արդյոք ընդունված վարչական ակտն իրավաչափ ու հիմնավորված է։ Իրավական վերլուծության արդյունքում առանձնացվեցին մի շարք կարևոր հանգամանքներ։
Մեր իրավաբանները դատարանին ներկայացրին հիմնավոր փաստարկներ այն մասին, որ վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը պարտավոր էր ոչ միայն արձանագրել ենթադրյալ իրավախախտումը, այլև բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրել գործի բոլոր փաստական հանգամանքները։ Վարչարարության հիմնարար սկզբունքներից մեկն այն է, որ ցանկացած վարչական ակտ պետք է հիմնավորված և պատճառաբանված լինի, իսկ անձի իրավունքները պետք է լիարժեք ապահովված լինեն ամբողջ վարույթի ընթացքում։
Գործի քննության ընթացքում դատարանի ուշադրությունը հրավիրեցինք վարչական վարույթի ընթացակարգային պահանջների խախտմանը։ Մասնավորապես, մեր կողմից ներկայացվեցին ապացույցներ առ այն, որ վարչական մարմինը չի ապահովել անձի լսված լինելու իրավունքը պատշաճ կերպով չծանուցելով վարչական վարույթի լսումների մասին։ Վարչական ակտի հիմքում որոշակի փաստական տվյալների առկայությունն ինքնին բավարար չէ այն իրավաչափ համարելու համար։ Անձի իրավունքները սահմանափակող կամ վարչական վարույթի օրինականության վրա ազդող ընթացակարգային խախտումները կարող են հիմք հանդիսանալ այդ ակտն անվավեր ճանաչելու համար։
Դատարանը գործի քննության ընթացքում ուսումնասիրեց ներկայացված բոլոր ապացույցները և իրականացրեց դրանց համակողմանի և լրիվ գնահատում։ Թեև դատարանը չընդունեց վստահորդի բոլոր փաստարկները, մասնավորապես՝ չմասնատվող բեռի վերաբերյալ ներկայացված հիմնավորումները բավարար չհամարեց, այնուամենայնիվ արձանագրեց մեկ կարևոր հանգամանք, որն էական նշանակություն ունեցավ գործի ելքի համար։ Դատարանը պարզեց, որ վարչական մարմինը խախտել է վարչական վարույթի ընթացակարգային պահանջները։ Մասնավորապես, վարչական գործի նյութերում բացակայում էին ապացույցներ այն մասին, որ վարչական մարմնի կողմից նշանակվել էին վարչական լսումներ և անձը պատշաճ կերպով ծանուցված էր եղել այդ մասին։ Դատարանն արձանագրեց, որ տվյալ դեպքում վարչական մարմնի կողմից չի իրականացվել պատշաճ վարչարարություն, խախտվել են օրենքով սահմանված ընթացակարգային պահանջները, ուստի ընդունված վարչական ակտն իրավաչափ չէ։
Արդյունքում դատարանը բավարարեց մեր վստահորդի հայցը և անվավեր ճանաչեց վարչական տույժ նշանակելու մասին որոշումը։ Բացի այդ, դատարանը պետական մարմնից հօգուտ վստահորդի բռնագանձեց նաև վճարված պետական տուրքի և ներկայացուցչական ծախսերի մի մասը։ Այսպիսով, հաջողվեց վերականգնել վստահորդի խախտված իրավունքները և վերացնել նրա նկատմամբ կիրառված միջամտող վարչական ակտը։
Այս գործը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ վարչական տույժ նշանակելու փաստն ինքնին չի վկայում անձին պատասխանատվության ենթարկելու իրավաչափության մասին․ նման որոշումը կարող է իրավաչափ համարվել միայն այն դեպքում, երբ ընդունվել է օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և անձի իրավունքների լիարժեք ապահովմամբ։
Վարչական մարմինները գործնականում հաճախ թույլ են տալիս ընթացակարգային խախտումներ, որոնք՝ կախված իրենց բնույթից և գործի ելքի վրա ունեցած ազդեցությունից, կարող են հիմք հանդիսանալ վարչական ակտի բողոքարկման և անվավեր ճանաչման համար։ Նման վեճերում՝ հատկապես տրանսպորտային իրավունքի, ծանրաքաշ բեռների փոխադրման և վարչական պատասխանատվության ոլորտներում, մասնագիտական իրավական աջակցությունը կարող է վճռորոշ լինել անձի իրավունքները ինչպես վարչական վարույթի ընթացքում, այնպես էլ վարչական դատարանում արդյունավետ պաշտպանելու համար։