ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կազմակերպության կողմից իրավաբանական ծառայություններ են մատուցվում հետևյալ ոլորտներում՝
Վարչական իրավունքի ոլորտում Կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն տարատեսակ վարչաիրավական հարաբերությունների վերաբերյալ:
Իրականացնում է վարչական ակտերի բողոքարկում թե՛ վերադասության (վարչական), թե՛ դատական կարգով: Կազմակերպության աշխատակիցներն ապահովում են ներկայացուցչություն և իրականացնում վստահորդի շահերի պաշտպանություն ինչպես ՀՀ վարչական, ՀՀ վերաքննիչ վարչական և ՀՀ Վճռաբեկ դատարաններում, այնպես էլ բոլոր վարչական մարմիններում վարչական վարույթի շրջանակներում:
Կազմակերպությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում կորպորատիվ և բիզնես իրավունքի ոլորտում։ Մասնավորապես՝ կազմակերպում է ընկերությունների պետական գրանցման ամբողջ գործընթացը, այդ թվում՝ հիմնադիր փաստաթղթերի կազմումը և պետական գրանցումն իրականացնող մարմնին դրանց ներակայացումը:
Կազմակերպությունը իրականացնում է նաև գրանցման ենթակա փոփոխությունների պետական գրանցում (մասնակիցների, անվանման, կանոնադրության, գործադիր մարմնի ղեկավարի և այլ փոփոխություններ):
Մատուցվող իրավաբանական ծառայությունների թվին են դասվում նաև ընկերությունների վերակազմակերպման, միացման և միաձուլման (М&А), կապիտալի ավելացման, բաժնետոմսերի թողարկման, կոնսոլիդացիայի հետ կապված աշխատանքների կատարումը:
Կազմակերպության կողմից մատուցվում են նաև հետևյալ ծառայությունները՝ ընկերության բանկային հաշիվների բացում, ընկերության կորպորատիվ քարտուղարության իրականացում (այդ թվում՝ ընկերության կառավարման մարմինների նիստերի կազմակերպում, արձանագրում, ծանուցումների պատրաստում և ուղարկում հասցեատերերին, քաղվածքների տրամադրում, որոշումների կազմում և հաշվառում), ընկերության գործունեությանն առնչվող ներքին ակտերի մշակում, իրավաբանական աուդիտ և այլն:
Կազմակերպությունը բիզնես պրոդուկտների համար մշակում է իրավաբանական լուծումներ, որոնք նվազագույնի են հասցնում բիզնեսի ռիսկերը՝ առանց նվազեցնելու պրոդուկտի մրցակցայնությունը։
Կազմակերպությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի ֆինանսական համակարգի մասնակիցներին, այնպես էլ վերջիններիս ծառայություններից օգտվողներին (պահպանելով շահերի բախման բացառման սկզբունքը)։ Կազմակերպությունը ֆինանսական ինստիտուտներին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում ՀՀ գործող օրենսդրության և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան գործունեություն իրականացնելու հարցում, ինչպես նաև ֆինանսական պրոդուկտների մշակման, իրավական ռիսկերի զսպման հարցերում։
Այս ոլորտում Կազմակերպությունը աջակցում է նաև սպառողներին ֆինանսական ինստիտուտների հետ ծագող խնդիրների դեպքում՝ ցուցաբերելով իրավական օժանդակություն հարցի արտադատական և դատական փուլերում։
Կազմակերպության կողմից մատուցվող իրավաբանական ծառայությունների շրջանակներում տրամադրվում է իրավաբանական խորհրդատվություն հարկային և մաքսային օրենսդրության վերաբերյալ:
Կազմակերպությունը իրականացնում է հարկային և մաքսային մարմինների կողմից կայացված վարչական ակտերի բողոքարկում թե՛ վերադասության կարգով, և թե՛ դատական կարգով, ինչպես նաև դատական ներկայացուցչության։
Կազմակերպության գործունեության շրջանակներում վստահորդների համար մշակվում են հարկային և մաքսային ոլորտների իրավակարգավորումներին համապատասխան իրավական փաստաթղթեր:
Սեփականության իրավունքի ոլորտում Կազմակերպության մատուցած ծառայությունները ներառում են գույքերի և գույքային իրավունքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման և պաշտպանության հարցերով խորհրդատվության տրամադրում։ Կազմակերպությունը ապահովում է նաև սեփականության իրավունքի փոխանցման գործարքների իրավական ուղեկցում, իրականացնում ներկայացուցչություն, կազմակերպում և մասնակցում բանակցություններին։
Սեփականության իրավունքի պաշտպանության ուղղությամբ Կազմակերպությունը իրականացնում է ինչպես դատական, այնպես էլ արտադատական եղանակներով իրավունքի պաշտպանություն։
Կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն հողային իրավունքի և անշարժ գույքի ոլորտներում։ Ծառայությունների շրջանակը ներառում է անշարժ գույքերի օտարման, վարձակալության, օգտագործման, սերվիտուտի և այլ գույքային իրավունքների վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրումը:
Կազմակերպությունը իրավական օգնություն է ցուցաբերում նաև հողային վեճերով՝ օգտվելով ինչպես արտադատական կարգով վեճերի լուծման եղանակներից, այնպես էլ դատական պաշտպանության ճանապարհով խախտված իրավունքի վերականգնման եղանակից։
Կազմակերպությունը կազմում է անհրաժեշտ իրավական փաստաթղթեր անշարժ գույքի հետ կապված գործարքների կնքման համար, ներկայացնում փաստաբանական հարցումներ տարբեր պետական, տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաև ապահովում ներկայացուցչություն:
Կազմակերպությունը ապահովում է նոտարական վավերացում պահանջող գործարքների իրավական ուղեկցում։ Անհրաժեշտության դեպքում Կազմակերպության աշխատակիցները ներկայանում նաև նոտարական գրասենյակ, ինչպես լիազորագրի հիման վրա առանց վստահորդի, այնպես էլ վստահորդի հետ։
Կազմակերպությունը ապահովում է նաև գործարքներից ծագող իրավունքների գրանցման իրավական ուղեկցումը ՀՀ Կադաստրի կոմիտեում, այդ թվում՝ իրականացնելով ներկայացուցչություն։
Կազմակերպությունն իրականացնում է մտավոր սեփականության օբյեկտների, այդ թվում՝ ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների, աշխարհագրական նշանների գրանցում (ազգային և միջազգային ընթացակարգերով), ներկայացուցչություն մտավոր սեփականության գործակալությունում:
Իր գործունեության շրջանակներում Կազմակերպությունն իրականացնում է նաև մտավոր սեփականության գործակալության կողմից կայացված որոշումների բողոքարկում դատական կարգով և ապահովում ներկայացուցչություն:
Կազմակերպությունը կազմում է Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության հետ կապված վեճերով հայցադիմումներ, անհրաժեշտության դեպքում ապահովում է դատական ներկայացուցչություն:
Կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն ժառանգության իրավունքի ոլորտում։ Կազմակերպությունն օժանդակում է ժառանգներին ժառանգության ընդունման գործընթացում։
Հատկապես տարածված է անձի մահից հետո 6 ամսվա ընթացքում ժառանգների կողմից նոտարներին չդիմելու և ժառանգությունը չընդունելու դեպքերը: Նման պարագայում ժառանգները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք ժառանգությունը և միջոցներ չձեռնարկելով, երբեմն, առավել բարդացնում են իրենց իրավունքների պաշտպանության հարցը:
Կազմակերպությունն իր վստահորդներին առաջարկում է իրավաբանական ճիշտ լուծումներ, որի շնորհիվ հնարավոր է սեղմ ժամկետներում և առանց դատարան դիմելու ստանալ ժառանգությունը:
Կազմակերպությունը ժառանգության հարցերով նաև իրականացնում է դատական պաշտպանություն և դատական ներկայացուցչություն։
Իր գործունեության շրջանակներում Կազմակերպությունն իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում նաև սնանկության իրավունքի ոլորտում:
Մասնավորապես, Կազմակերպությունը կազմում է կամավոր սնանկության, սնանկության վտանգի դիմումներ, ներկայացնում է սնանկության վարույթում պարտատիրոջ կամ պարտապանի շահերը, կազմում է ֆինանսական առողջացման ծրագրեր, առարկություններ և այլ դատավարական փաստաթղթեր, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ապահովում է դատական ներկայացուցչություն:
Կազմակերպությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում քրեական իրավունքի ոլորտում: Մասնավորապես՝
- վստահորդի շահերի ներկայացում նախաքննության և դատաքննության փուլերում,
- վկայի, տուժողի ներկայացուցչության ապահովում ՀՀ քրեական հետապնդումն իրականացնող մարմիններում և ՀՀ դատարաններում,
- Քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից կայացված որոշումների և դատական ակտերի բողոքարկում,
- իրավաբանական խորհրդատվության տրամադրում։
Կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակներում առաջացած տարբեր իրավական խնդիրների վերաբերյալ:
Կազմակերպությունը կազմում է աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող փաստաթղթեր՝ ներքին իրավական ակտեր, աշխատանքային պայմանագրեր:
Կազմակերպությունը իրականացնում է գործատուի կամ աշխատողի՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքների պաշտպանություն ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով, ապահովում է աշխատանքային վեճերով դատական ներկայացուցչություն:
Կազմակերպությունը իրականացնում է անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանություն դատական կարգով:
Կազմակերպությունը գործող օրենսդրական կարգավորումների շրջանակներում տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն զրպարտության և վիրավորանքի հարցերով:
Միաժամանակ Կազմակերպությունը իրականացնում է անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասների հատուցման վերաբերյալ վեճերով դատական պաշտպանություն:
Կազմակերպությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում ընտանեկան վեճերով:
Մասնավորապես, քաղաքացիաիրավական վեճերով Կազմակերպությունը կազմում և դատարան է ներկայացնում ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման, երեխայի բնակության վայրի որոշման և այլ հայցադիմումներ, ապահովում է ներկայացուցչություն ինչպես ՀՀ դատարաններում, այնպես էլ խնամակալության և հոգաբարձության մարմիններում:
Անհրաժեշտության դեպքում Կազմակերպությունը դիմումներ է ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ երեխաների անհապաղ վերադարձը ՀՀ ապահովելու պահանջով, իրականացնում ծնողական իրավունքների պաշտպանություն ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով:
Միաժամանակ Կազմակերպության աշխատակիցները նույնաբովանդակ ընտանեկան վեճերի շրջանակներում կապ են հաստատում և փոխհամագործակցում այլ պետությունների իրավասու մարմինների հետ:
Կազմակերպությունը իրավաբանական օգնություն է ցուցաբերում նաև երեխայի որդեգրման հարցերում։