ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐ
Ֆիդելիսը ղեկավարվում է իր վստահորդների իրավական վեճերը արագ և արդյունավետ լուծելու սկզբունքով։ Նշվածի շրջանակներում Ֆիդելիսն իր հաճախորդներին առաջարկում է վեճերը արտադատական ճանապարհով լուծելու այլընտրանքային եղանակներ, որոնց թվին է դասվում արտոնագրված հաշտարարի ինստիտուտը։
Ֆիդելիսը արտոնագրված հաշտարարների հետ համագործակցության շրջանակներում ապահովում է վեճերի արագ լուծումը։ Ստորև ներկայացված են տեղեկություններ Հայաստանում արտոնագրված հաշտարարի ինստիտուտի մասին։
Ի՞նչ է հաշտարարությունը
Հաշտարարությունը /մեդիացիան/ վեճերի լուծման այլընտրանքային մեթոդ է: Այն ընթացակարգ է, որտեղ վեճերի կողմերը կարող են հրավիրել երրորդ անձի` հաշտարարի` իրենց միջև առաջացած վեճը հաշտությամբ լուծելու նպատակով: Վեճերը կարող են լինել ինչպես պայմանագրային, այնպես էլ արտապայմանագրային բնույթի: Թեև հաշտարարը գործարկում է ակտիվ քայլեր՝ նպաստելու հաշտության կայացմանը, սակայն հաշտարարը չի կարող կողմերին պարտադրել լուծման տարբերակներ: Հաշտարարության վարույթը ենթադրում է, որ վեճի կողմերը լիովին համագործակցում են հաշտարարի հետ և ցանկանում են ակտիվորեն փնտրել կառուցողական լուծումներ՝ խուսափելով վեճի լուծման դատական ընթացակարգից: Հաշտարարությունն իրականացվում է կամավորության, գաղտնիության, կողմերի հավասարության, հաշտարարի անկախության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա:
Հաշտարարության հիմնական առանձնահատկությունները
- Բանակցությունների գործընթացին չեզոք երրորդ անձի ներգրավում,
- Վեճի արագ հանգուցալուծում՝ նվազագույն ծախսերի կատարմամբ,
- Ընթացակարգի գաղտնիության ապահովում,
- Ընթացակարգը ճկուն է: Հաշտարարն հաշտարարությունն իրականացնում է՝ հաշվի առնելով յուրաքանչյուր վեճի բնույթը, կողմերի առաձնահատկությունները: Առկա չէ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր ընթացակարգ,
- Կողմերն իրենք են առաջարկում հաշտության երկկողմանի, փոխշահավետ ընդունելի տարբերակը:
- Հաշտարարության գործընթացում երկու կողմերն էլ ստանում են փոխշահավետ լուծում:
- Հաշտարարության գործընթացում չկան պարտվողներ,
- Հաշտության համաձայնությամբ կարող են առաջարկվել տարբերակներ, որոնք թեև օրենսդրությանը չեն հակասում, սակայն դատական կարգով հնարավոր չէր լինի նախատեսել,
- Կարող է կիրառվել ինչպես ներպետական, այնպես էլ օտարերկրյա սուբյեկտներով ծանրաբեռնված վեճերի դեպքում,
- Դատական կարգով նշանակված հաշտարարության դեպքում՝ հաշտության համաձայնության կնքման պարագայում վճարված պետական տուրքի կեսը վերադարձվում է տուրքն վճարած կողմին,
- Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած պահի՝ առանց որևէ հիմնավորման կարող է դադարեցնել հաշտարարության գործընթացը:
Ո՞վ է հաշտարարը
Հաշտարարն անկախ, անկողմնակալ, գործի ելքով շահագրգռվածություն չունեցող համապատասխան արտոնագիր ունեցող ֆիզիկական անձ է, որն իրականացնում է հաշտարարություն՝ կողմերի միջև ծագած վեճը հաշտությամբ լուծելու նպատակով:
Հաշտարարն իրավունք ունի իր գործունեությունն իրականացնելու ինչպես անհատապես, այնպես էլ մշտապես գործող հաշտարարական հաստատությունում:
Ի՞նչպես է աշխատում արտադատական կարգով արտոնագրված հաշտարարի միջոցով կնքված հաշտության համաձայնությունը
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե հաշտարարության արդյունքով հաշտության համաձայնությունը կնքվել է արտադատական կարգով՝ արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ, ապա հաշտարարության յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հաշտության համաձայնությունը կնքելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմելու իր բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան` կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝
«Դիմումի քննության արդյունքներով դատարանը սույն օրենսգրքով սահմանված՝ հաշտության համաձայնությունը հաստատելու կանոններով կայացնում է վճիռ՝ հաշտության համաձայնությունը հաստատելու կամ դիմումը մերժելու մասին։
- Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):
- Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
Այսինքն, արտոնագրված հաշտարարի միջոցով արտադատական կարգով հաշտության համաձայնութուն կնքելուց հետո համաձայնությունն ուղարկվում է դատարան, որն էլ առանց նիստ հրավիրելու հաստատում է այն վճռով:
Հաշտարության ծախսերը
Արտոնագրված հաշտարարի կողմից կիրառվող սակագները առավել մատչելի են, քան դատարանների կողմից վեճը քննվելու դեպքում կիրառվող պետական տուրքերը։